2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը թրաֆիքինգի 12 դեպք է բացահայտել

12.11.2009, 13:07
2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը թրաֆիքինգի 12 դեպք է բացահայտել
2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը թրաֆիքինգի 12 դեպք է բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը թրաֆիքինգի 12 դեպք է բացահայտել, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Այդ դեպքերից 5-ը վերաբերել է Հայաստանից Թուրքիա, 2-ը՝ ԱՄԷ, 2-ը՝ ՌԴ, իսկ 1-ը՝ ՌԴ-ից Հայաստան թրաֆիքինգին։

 

«Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է թրաֆիքինգի 45 զոհ. 11-ը փոխադրվել էին Թուրքիա ևԱրաբական Էմիրություններ՝ սեռական շահագործման նպատակով, 17-ը փոխադրվել էին Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատանքային թրաֆիքինգի նպատակով, 4-ը ՀՀ ներքին թրաֆիքինգի զոհեր են, իսկ 11-ը Հայաստանի Հանրապետություն էին փոխադրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ մերկապարերով ակումբներում շահագործելու նպատակով», - ասվում է տեղեկատվության մեջ:

 

Հայտնաբերված զոհերից 16-ը աջակցության նպատակով ուղղորդվել են հասարակական կազմակերպություններ, 16-ը գտնվում են Հայաստանից դուրս, իսկ 15-ը առայժմ չեն տվել օգնություն ստանալու իրենց համաձայնությունը։

 

Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 132 (Մարդկան առևտուր) և 132 1 (Մարմնավաճառության կամ սեռական այլ շահագործման, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, ինչպես նաեւ մարդու օրգանները վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առեւանգելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով՝ վճարման կամ շահ ստանալու տեսքով կաշառելու միջոցով) հոդվածների հատկանիշներով բացահայտվել է հանցագործության 44 դեպք:

 

Ընդ որում այդ հոդվածների հատկանիշներով անչափահասների նկատմամբ իրականացված հանցագործության դեպքեր չեն հայտնաբերվել։-0-