ՄԱԿ-ի հայկական գրասենյակը ներկայացրել է Կենտրոնական և արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների խաղաղապահ կազմակերպությունների պորտալն (www.peacebuildingportal.org) ու տեղեկագիրը:
Շնորհանդեսը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) աջակցությամբ՝ Գերմանիայի արտգործնախարարության հետ սերտ համագործակցությամբ:
«Խաղաղապահ պորտալի և տեղեկագրքի ստեղծման նպատակը խաղապահ գործընթացում ներգրավված կազմակերպությունների միջև համագործակցության ու խորհրդակցությունների խթանումն է, ինչպես նաև համակարտությունների կանխարգելումը», - հինգշաբթի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայաստանում UNDP-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերգը:
Նրա խոսքերով՝ պորտալը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, տեղական և ազգային ղեկավար մարմիններին, միջազգային հանրությանն ու անհատներին ներկայացնելու է բովանդակալից և թարմ տեղեկատվություն խաղաղապահ գործունեության առանձնահատկության, կոնկրետ երկրում հակամարտությունների վերահսկման, գենդերային հարցերի, զինաթափման, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների խնդիրների մասին:
«ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ապացուցել է իր դիրքորոշումն այն մասին, որ ճգնաժամային իրավիճակների կանխարգելման դրույթները պետք է կայուն հումանիտար զարգացման հայեցակարգի անբաժանելի մասը լինեն: UNDP-ի համար խաղաղապահություն նշանակում է զարգացման ծրագրի մեջ հակամարտությունների կանխարգելման դրույթների ներդրում, ազգային ինստիտուտների ստեղծում, հակամարտությունների վերահսկման ազգային գործընթացների նախաձեռնում, երկխոսության միջոցով համաձայնության ձեռքբերում», - ասաց Բոբերգը:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտն իր հերթին նշեց, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք աշխատում և ձգտում են, մասնավորապես, լուծել գոյություն ունեցող սառեցված հակամարտությունները:
Նրա խոսքերով՝ պորտալի և տեղեկագրքի հրատարակումը թույլ կտա հասանելիություն ապահովել և տեղեկատվություն փոխանակել շահագրգիռ կառույցների միջև:-0-