ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից աշխարհում տեղեկատվական, ինչպես նաև վիրտուալ տարածքի գրավման անընդհատ պայքար է մղվում: Այդ տարածքի մեջ են մտնում գաղափարախոսությունն ու կրոնը, կարծում է հաղորդակցական տեխնոլոգիաների փորձագետ, պրոֆեսոր Գեորգի Պոչեպցովը:
«Աշխարհը կառուցված է այն բանի վրա, որ յուրաքանչյուր պետություն, մարդ կամ ընկերություն փորձում է ընդլայնել իր տարածքը: Եթե այդ երկիրը չի կարող ֆիզիկապես ընդլայնվել, այն փորձում է ընդլայնել իր տեղեկատվական և վիրտուալ տարածությունը»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Պոչեպցովը:
Ընդ որում նա նշեց, որ այդ գրավումներում մեծ դեր են խաղում այն ֆիլմերը, որոնք մարդու ուղեղի վրա ազդելու շատ գործուն գործիքներ են, քանի որ խաղում են մարդկանց ցանկությունների ու երազանքների հետ:
«Ֆիլմերը կառավարում են մեր երազանքները: Մենք գնում ենք նրանց ետևից, ովքեր կառավարում են մեր երազանքները»,- ընդգծեց նա:
Պոչեպցովն ընդգծեց, որ աշխարհի զարգացման արագացման պայմաններում տեղեկատվական տարածությունը սկսել է շատ մեծ դեր խաղալ ժամանակակից աշխարհում, քանի որ տեղեկատվական տարածության կերպարանափոխմամբ կարելի է արդյունքի հասնել այլ տարածություններում:
«Փոխում ես տեղեկատվական տարածությունն ու ստանում քաղաքական արդյունքներ, օրինակ ընտրություններ: Փոխում ես տեղեկատվական տարածությունն ու արդյունքի հասնում տնտեսական տարածությունում՝ ապրանքանիշներ, իմիջներ և այլն»,- նշեց նա:
Պոչեպցովը կարծում է, որ տեղեկատվական տարածության ազդեցության հարուցած գործողությունները պետք է կոչել ոչ թե տեղեկատվական պատերազմներ, այլ տեղեկատվական գործարքներ:
Փորձագետն ընդգծեց, որ այդ տեղեկատվական գործարքներում կամ «պատերազմներում» շատ մեծ դեր են խաղում լրագրողները: «Դուք այդ պատերազմի մի մասն եք, դուք այդ պատերազմի զինվորներ եք՝ անգամ չիմանալով այդ մասին»,- նշեց նա:
Փորձագետի կարծիքով, նախկին ԽՍՀՄ տարածքում տեղեկատվական գործարքների վառ օրինակ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մղվող «գազի պատերազմը», ռուս-վրացական հակամարտությունը, հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Գեորգի Պոչեպցովին հայ լրագրողներին ներկայացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, ով նշեց, որ Պոչեպցովը հաղորդակցական տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն մասնագետներից է, տեղեկատվական պատերազմների տեսության ու հաղորդակցության տեսության ավելի քան 50 գրքի հեղինակ:
Նա հավելեց նաև, որ փորձագետը Հայաստանում է գտնվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի հրավերով: -0-