«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն որոշում է ընդունել հակաահաբեկչական հանձնաժողով ստեղծելու մասին՝ երկաթուղում ահաբեկչական բնույթի օրինախախտումները կանխելու աշխատանքների խստացման նպատակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
«Իրականացվող միջոցառումների շրջանակներում որոշվել է իրականացնել տրանսպորտային դատախազությունների, հակաահաբեկչական տրանսպորտային անվտանգության ոլորտի այլ վերահսկիչ մարմինների ներկայացրած գրավոր կարգադրությունների և ակտերի պահանջները՝ հնարավոր ականապատումները, գերեվարումները, կարևոր օբյեկտների, տրանսպորտային միջոցների զավթումը, հարձակումները, վարակումները, հրկիզումները և ահաբեկչական բնույթի այլ վտանգավոր միջամտությունները կանխելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արդյունավետ աշխատանքի համար ծրագրվում է կարևոր օբյեկտներում, այդ թվում երկաթուղային տրանսպորտի մեծ թվով աշխատակիցների ներկայությամբ անցկացնել հակաահաբեկչական թեմայով ուսումնական օբյեկտային մարզումներ իրավապահ մարմինների հետ համատեղ։
«Սպասվում է, որ տվյալ ծրագիրը բարենպաստ ազդեցություն կունենա Հայաստանի երկաթուղային տրանսպորտի արդյունավետ և անվտանգ գործունեության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել է ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--