«Ձմեռային փառատոն Հայաստան 2009-ը» կանցկացվի հանրապետությունում դեկտեմբերի երկրորդ կեսին, երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։
Նա հիշեցրեց, որ 2008 թվականին Հայաստանում արդեն անցկացվել է ձմեռային փառատոն, որը զգալի հետաքրքրություն է առաջացրել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների շրջանում։
Ըստ նրա՝ այս տարի փառատոնը կանցկացվի «Կանաչաստան» հասարակական կազմակերպության կողմից Deem Communications ընկերության աջակցությամբ, որն անցկացրել է փառատոնը 2008 թվականին։
«Նախագիծն արդեն քննարկվում է, և նախնական ծրագրերի համաձայն՝ բոլոր միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև հանրապետության մարզերում»,- ասաց Ապրեսյանը։
«Ձմեռային փառատոն Հայաստան 2008-ն» անցկացվել է Երևանում դեկտեմբերի 21-ից հունվարի 5-ը։ Փառատոնի շրջանակներում մայրաքաղաքում տեղի է ունեցել գունեղ շքերթ վառ բեմերի, նվագախմբերի, պարային համույթների, ծաղրածուների և այլ վառ կերպարների մասնակցությամբ։ Անցկացվել են նաև երաժշտական ելույթներ, տիկնիկային ներկայացումներ, կրկեսային համարներ, մանկական բեմականացումներ, ժամանցային խաղեր։
Շքերթին մասնակցել է նաև Ձմեռ Պապը, ով, անցնելով քաղաքի փողոցներով, երեխաներին նվերներ և քաղցրավենիք էր բաժանում։ Փառատոնի շրջանակներում Երևանում անցկացվեցին նաև մի շարք ժամանցային միջոցառումներ, որոնց թվում եղևնիների ցուցահանդես, ձմեռային խաղեր մանուկների համար, երաժշտական երեկոներ։
Առաջին անգամ «Ձմեռային փառատոնը» Հայաստանում անցկացվել է 2007 թվականին։ -0-