Ղարաբաղյան հակամարտության լուծումն անհնար է առանց բանակցություններում ԼՂՀ ժողովրդի մասնակցության. ՀՀԿ

06.11.2009, 14:52
Ղարաբաղյան հակամարտության լուծումն անհնար է առանց բանակցություններում ԼՂՀ ժողովրդի մասնակցության. ՀՀԿ

Ղարաբաղյան հակամարտության լուծումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ներկայացված չէ բանակցային գործընթացքում, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ դրա լուծման համար այդ գործընթացին անպայման պետք է մասնակցի ԼՂՀ ժողովուրդը»,- ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց Շարմազանովը։

Ըստ նրա՝ հայկական կողմի համար բանակցային գործընթացի հիմնական հարցը կարգավիճակի հարցն է։

 «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն ժամանակ, երբ Բաքուն գիտակցի, որ ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։ Մեզ համար սկզբունքային է մնում ԼՂՀ կարգավիճակի հարցը»,- ասաց Շարմազանովը։

Պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի հակամարտության վերջնական լուծման համար, պատգամավորը նշեց, որ խնդիրը որպես բարդ և բազմակողմանի գործընթաց, ըստ էության, երկարաժամկետ քաղաքականության հարց է։

«Այդ պատճառով ես կարծում եմ, որ այս հարցը կարող է լուծվել կարճաժամկետ հեռանկարում՝ մինչև 2010 թվականի ապրիլի 24-ը, ինչպես գրում են որոշ ԶԼՄ-ներ, թեև հայկական կողմը պատրաստ է և ակնկալում է խնդրի խաղաղ և արագ լուծում»,- ընդգծեց Շարմազանովը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-