«Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի որոլտի քաղաքականության նոր պրոֆիլը» թեմայով ԱՊՀ երկրների տարածաշրջանային եռօրյա կոնֆերանսը ուրբաթ մեկնարկեց Երևանում:
Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի և Ռուսաստանի գծով Մոսկվայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուրոյի, ինչպես նաև ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Բացման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կոնֆերանսի մասնակիցների համար ընթերցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ողջույնի խոսքը:
«Ողջունում եմ տարածաշրջանային կոնֆերանսի բոլոր մասնակիցներին, միջոցառում, որը նվիրված է չափազանց կարևոր խնդրի՝ մշակութային քաղաքականությանը: Մշակույթի համար քաղաքականության նպատակների և առաջնահերթությունների սահմանման գործում պետության դերը կախված է մշակույթի և մշակութային քաղաքականության ոլորտի ընդհանուր հայեցակարգային սահմանումից: Հենց այդ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս տվյալ կոնֆերանսին, որի հիմնական խնդիրը պետք է դառնա նոր ժամանակի իրողություններին համապատասխան նոր առաջնահերթությունների սահմանումը», - ասվում է վարչապետի ուղերձում:
ՀՀ վարչապետը կարծում է, որ մշակույթի համար քաղաքականությունը պետք է դառնա Համագործակցության երկրների զարգացման հիմնարար ուղղություններից մեկը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին նշեց, որ հետխորհրդային տարածքի ժողովուրդները մեծամասամբ նման են՝ ընդհանուր մշակութային ժառանգության շնորհիվ:
«Միաժամանակ հետխորհրդային ժամանակաշրջանը խթանել է Համագործակցության երկրներում մշակութային բազմակարծության հետագա խորացումը: Սակայն մեր քաղաքական և տնտեսական խնդիրների նմանությունը մեզ դրդում է փնտրել ունիվերսալ մեխանիզմներ, նոր պրոֆիլներ մշակույթի քաղաքականության ոլորոտում», - ասաց Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ մեկնարկած կոնֆերանսի կարևորագույն խնդիրներից մեկը հասունացած եվրասիական մուլտիկուլտուրալիզմի հետագա զարգացումն է:
Մինչև նոյեմբերի 8-ը տևող կոնֆերանսին մասնակցում են ուսումնասիրողներ և ԱՊՀ երկրների մշակույթի ոլորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Միջոցառումն ուղղված է գաղափարների փոխանակմանը՝ մշակույթի համար քաղաքականությանն աջակցելու և պետական մշակութային քաղաքականության ռազմավարությունների ամրապնդման համար:-0-