Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհուրդ է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չկապել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի հետ։
«Արդեն բազմիցս խոսվել է այն մասին, որ այս երկու գործընթացները ոչ մի կերպ կապված չեն: Այս մասին հայտարարել են այդ թվում և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կրկնում եմ ևս մեկ անգամ. այս երկու գործընթացը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը միանգամայն առանձին են և կապված չեն միմյանց հետ»,- հինգշաբթի նախարարն ասաց լրագրողներին:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը , ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, և համաձայնեցվում են, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքները»: Նալբանդյանի խոսքով՝ համաձայնեցման փուլի ավարտից հետո կողմերը կանցնեն Ղարաբաղյան հարցի լուծման մասին փաստաթղթի նախագծի պատրաստմանը:
«Դա բավականին երկար ու բարդ գործընթաց է, և չի կարելի ասել, որ այն կավարտվի մեկ ամսից կամ երեք ամսից»,- ընդգծեց նախարարը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
-0-