Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում

05.11.2009, 16:23
Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում
Հայաստանը և ԱՄՆ-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում

Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել գիտության և տեխնոլոգիաների բնագավառում միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 

Ստորագրման ժամանակ նշվել է, որ համաձայնագիրը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Պատվիրակության կազմում էին պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը և այլ պաշտոնատար անձինք:

Ամերիկյան կողմից համանախագահում էր Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն և Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը:

Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության և կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր:

Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները:

Հայկական պատվիրակությունը առանձին հանդիպումներ է ունեցել նաև Պետդեպարտամենտում, Առևտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում և Արժույթի միջազգային հիմնադրամում: -0-