Հայաստանի քաղաքացիներն ամենից ավելի բողոքում են մարդու իրավունքների խախտումներից Ոստիկանությունում, դատախազությունում, քաղաքապետարանում և Անշարժ գույքի պետական կադաստրում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։
«Այդ մարմինները կայուն կերպով առաջին հինգ տեղերն են զբաղեցնում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների թվում։ Պարբերաբար դրանք փոխվում են տեղերով, բայց առաջին հնգյակի կազմն անփոփոխ է մնում»,- ասաց Օմբուդսմենը։
Նրա խոսքերով, Հայաստանում 2010 թվականին Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները մտադիր են այցելել երկրի մարզեր։ Նրանց ներկայացրած տվյալներով, դեպի մարզեր նմանատիպ այցերն աջակցում են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հանրապետության մարզերի բնակիչների կողմից իրենց շահերի պաշտպանության համար դիմումների թվի աճին։
Հարությունյանը տեղեկացրեց, որ եթե մի քանի տարի առաջ մարզերի բնակիչների դիմումները թիվը կազմում էր իրավունքների խախտման դիմումների ընդհանուր թվի միայն 10-20 տոկոսը, ապա 2010 թվականին քայլեր կձեռնարկվեն տվյալ ցուցանիշը 30-40 տոկոսի մակարդակի վրա պահելու ուղղությամբ։
Հարությունյանը նշեց, որ չնայած համաշխարհային ճգնաժամի հետևանքներին, մարդու իրավունքների պաշտպանության համար բյուջեի կրճատումները չտարածվեցին հանրապետության տարածքում գործուղումների ծախսերի վրա։ Նա ընդգծեց, որ Օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն առնվազն մեկ անգամ կայցելեն Հայաստանի բոլոր մարզերը։
«Անշուշտ, ճգնաժամի պատճառով մենք որոշ խնդիրներ ունեցանք ֆինանսավորման առումով։ Բայց Հայաստանի կառավարության հետ տարած բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց հասնել նվազագույն կրճատումների, որոնք մեզ համար վտանգավոր չեն»,- ասաց Օմբուդսմենը։
Հայաստանի պետական բյուջեի հատկացումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին 2010 թվականին կկազմեն 125 մլն դրամ, ինչը 10 մլն դրամով քիչ է 2009 թվականի ցուցանիշից։
Ինչ վերաբերում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի արդյունավետության բարձրացմանը, Հարությունյանը նշեց երկրի մարզերում քաղաքացիների շահերի պաշտպանության կենտրոնների բացման անհրաժեշտությունը։ Ըստ նրա, Հայաստանում բավական է բացել նմանատիպ երեք կենտրոն՝ Գյումրիում, Վանաձորում և Գորիսում։ -0-