ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ զինծառայողների 16 ընտանիք չորեքշաբթի Էջմիածին քաղաքում նորամուտ է տոնել։
Զինծառայողների համար երեք մեկսենյականոց, տասը երկուսենյականոց և երեք երեքսենյականոց բնակարաններից բաղկացած նոր ծառայողական շենքի բացման արարողությանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Դիմելով ներկաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ բնակարնների բանալիները հանձնելիս ինքը կրկնակի ուրախություն է ապրում, քանի որ հնարավորություն ունի շնորհակալություն հայտնել իր ենթականերից ծառայության համար։
«Բանակը կարևոր առաքելություն է կատարում մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովման և մեր երկրի սահմանների պաշտպանության գործում։ Եվ այդ ամենում դուք ունեք ձեր ներդումը»,- ասաց Օհանյանը՝ ցանկանալով, որ նոր բնակարաններում ծնվեն հայրենիքի նոր պաշտպաններ, որոնք հետևելու են իրենց հայրերի ու պապերի օրինակին։
Այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործման է հանձնվել 15 բնակելի շենք, ինչի շնորհիվ բնակարանով է ապահովվել զինծառայողների շուրջ 500 ընտանիք։ -0-