1988 թ.-ից մինչև 2009 թ.-ի օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցված ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թիվը 777 մարդ է կազմել, ՁԻԱՀ-ով հիվանդներինը՝ 354, երեքշաբթի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարի ժամանակ հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի պրոֆիլակտիկ բաժնի ղեկավար Ռաֆայել Օհանյանը:
Նրա խոսքերով՝ միայն 2008 թ.-ին գրանցվել է 136 ՄԻԱՎ-վարակակիր:
Օհանյանը նշեց, որ ամենամեծ թիվը՝ շուրջ 346 դեպք, ինչը կազմում է ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թվի 44,5 տոկոսը, գրանցված է մայրաքաղաքում, ամենափոքր թիվը՝ 8 դեպք, Վայոց Ձորում:
«Հայաստանում առավել խոցելի տարիքային խումբը 25-39 տարեկան մարդիկ են, որոնք ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թվի 59%-ն են կազմում»,- ասաց նա:
Միաժամանակ Օհանյանը պարզաբանեց, որ Հայաստանում ՄԻԱՎ-վարակակիրների և ՁԻԱՀ-ով հիվանդների ցուցանիշների դինամիկայի մասին խոսելը բարդ է, քանի որ տվյալ ցուցանիշները չեն պատկերում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված իրական դրությունը Հայաստանում:
«Մենք խոսում ենք միայն ՄԻԱՎ-վարակակիրների կամ ՁԻԱՀ-ով հիվանդների գրանցված դեպքերի մասին, բայց չէ՞ որ կա նաև քողարկված մաս»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ հաշվարկային ոչ պաշտոնական տվյալներով ներկայումս Հայաստանում կա 2300 ՄԻԱՎ-վարակակիր:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով եռօրյա սեմինարը Երևանում մեկնարկել է այսօր: Սեմինարի նպատակն է բարձրացնել մամուլի կողմից տվյալ ոլորտի իրազեկման և գրագետ լուսաբանման մակարդակը:
«ԶԼՄ-ները չափազանց կարևոր դեր են խաղում տվյալ խնդրի շուրջ հասարակական կարծիքի ձևավորման գործընթացում, այդ իսկ պատճառով մենք մեծ նշանակություն ենք տալիս տեղեկատվության գրագետ հաղորդմանը»,- ասաց Օհանյանը: -0-