Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով Հայաստանում գրանցվել է ուղևորահոսքերի ընդհանուր ծավալի աճի տեմպերի կրճատում, ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:
«Նախորդ տարիներին ընդհանուր ուղևորահոսքերն աճում էին զգալի տեմպերով, սակայն նախորդ տարի նկատվել է աճի տեմպերի անկում», - երեքշաբթի ասաց նա լրագրողներին:
Այս կապակցությամբ Եգանյանը պարզաբանեց, որ եթե 2007 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, այդ ցուցանիշի աճը կազմում էր 33,1 տոկոս, ապա 2008 թ.-ին այն կազմել է 8,8 տոկոս, իսկ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորահոսքերի ծավալն աճել է միայն 4 տոկոսով:
«Եթե ավելի վաղ մարդիկ հնարավորություն ունեին ուղևորվել տարբեր նպատակներով, ապա ճգնաժամի ազդեցության պատճառով նման շռայլություն կարող են իրենց թույլ տալ ավելի քիչ թվով մարդիկ», - ասաց նա:
Բացի այդ գործակալության պետի խոսքերով՝ կրճատվել է նաև հանրապետություն ժամանող և հանրապետությունից մեկնող մարդկանց միջև տարբերությունը՝ ընդ որում վերջիններիս թվի կրճատման հաշվին:
«Սահմանային անցակետերում ուղևորների հաշվառման տվյալները վկայում են, որ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնողների թիվը 45 մարդով գերազանցել է հանրապետություն ժամանող մարդկանց թվին (բացասական միգրացիոն սալդո), ինչը 27 հազարով կամ 37,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույնատիպ ցուցանիշից», - ասաց նա՝ ավելացնելով, որ նման իրավիճակը պայմանավորված է, առաջին հերթին, սեզոնային աշխատանքի մեկնող մարդկանց թվի կրճատմամբ:
Եգանյանը միգրացիոն իրավիճակի վրա ազդող ճգնաժամային գործոնների թվում նշեց նաև տրանսֆերտների ծավալների կրճատումը:
«ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անվանը ոչ կոմերցիոն բնույթի դրամական փոխանցումների ծավալի աճը, 2007 թ.-ին, նախորդ տարվա համեմատ, կազմել է 37,3 տոկոս, 2008 թ.-ին այն կրճատվել է մինչև 23,9 տոկոսի, իսկ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 34,7 տոկոսի անկում», - ասաց նա:
Միաժամանակ Եգանյանը պարզաբանեց, որ այս ամենը պայմանավորված է Ռուսաստանից փոխանցումների ծավալների կրճատմամբ (37,3 տոկոսով), այն դեպքում, երբ փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների տեսակարար կշիռը կազմում է 70-80 տոկոս:
ՀՀ կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անվանը ստացվել է 672,3 միլիոն դոլարի ոչ կոմերցիոն բնույթի միջոց, ինչը 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ 35 տոկոսով կամ 363 միլիոն դոլարով պակաս է:
2009 թ.-ի հունվար-օգոստոսին, ինչպես նախորդ տարի, ամենամեծ մաքուր հոսքը գրանցվել է Ռուսաստանից (475,9 միլիոն դոլար), որին բաժին է ընկել երկիր ստացվող բոլոր մաքուր մուտքերի 85,4 տոկոսը՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի 88,5 տոկոսի համեմատ:-0-