Վանկուվերի Ձմեռային օլիմպիադային Հայաստանը կներկայացնեն դահուկորդները, հայ գեղասահորդները խաղերին չեն մասնակցի

03.11.2009, 16:09
Վանկուվերի Ձմեռային օլիմպիադային Հայաստանը կներկայացնեն դահուկորդները, հայ գեղասահորդները խաղերին չեն մասնակցի
Վանկուվերի Ձմեռային օլիմպիադային Հայաստանը կներկայացնեն դահուկորդները, հայ գեղասահորդները խաղերին չեն մասնակցի

Հայաստանը Վանկուվերում կայանալիք Ձմեռային օլիմպիադային հիմնականում կներկայացնեն դահուկորդները, հայ գեղասահորդները խաղերին չեն մասնակցի, տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի համար Ձմեռային օլիմպիադային մասնակցելը կարևոր հարց է՝ հաշվի առնելով, հիմնականում, այն, որ մենք հարավային երկիր ենք: Սակայն արդեն երկար տարիներ մեր հավաքականը մասնակցում է Ձմեռային օլիմպիադաներին և մշտապես բարելավում է իր արդյունքները», - ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ Վանկուվերում Հայաստանը պետք է ներկայացնի երկու լեռնադահուկորդ և մեկ դահուկորդ:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ գեղասահորդների հայկական զույգը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, և քանի որ Հայաստանը չի հասցրել նոր զույգ պատրաստել Վանկուվերի օլիմպիադայի համար, ապա այս մարզաձևում հայ մարզիկները հանդես չեն գա:

ՀՀ սպորտի և  երիտասարդության հարցերի նախարարը նշեց նաև, որ սովորաբար հայկական հավաքականը Ձմեռային օլիմպիադաներին մասնակցում է հինգ-վեց հոգանոց կազմով:

Ավելի վաղ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում էր, որ Հայաստանը Վանկուվերում կայանալիք 2010 թ.-ի Ձմեռային օլիմպիադային մասնակցելու է երեք մարզաձևում՝ դահուկային սպորտ, լեռնադահուկային սպորտ, սկելեթոն:-0-