ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին պարգևատրել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Երկուշաբթի սբ. Էջմիածնի առաջնորդարանում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչական թեմական ժողովի ժամանակ նախագահ Սարգսյանը նշեց, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը եղավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր գահակալ, դարձավ երկրի ու եկեղեցու սրբազան ավանդույթների շարունակողն ու զարգացնողը` միաժամանակ իրեն դրսևորելով որպես ժամանակակից գործիչ ու 21-րդ դարի մտածող::
«Որպես կանոն՝ կաթողիկոսների վարքն ամենաճշգրիտ կերպով գնահատում է պատմությունը: Այսօր ես պարզապես իմ սրտի խոսքն եմ ուղղում Վեհափառ Հայրապետին և իմ երախտագիտությունը հայտնում նրան այն մեծ գործի համար, որ արվեց մեկ մարդու կողմից ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում: Վեհափա՛ռ Տեր, մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեության նորանոր տասնամյակներ: Հավատում եմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գավազանով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Դուք դեռ երկար եք հովվելու Ձեր հոգևոր հոտը: Հավատում եմ, որ վկան եք լինելու Հայաստանի և հայության նոր նվաճումների, որոնց ձեռքբերման մեջ լինելու է նաև Ձեր ծանրակշիռ ավանդը»,- նախագահի խոսքերը մեջբերեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:-0-