ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի ինն ասմում Հայաստանում հայտնաբերվել է որսագողության 7 դեպք, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ բոլոր դեպքերը բացահայտվել են, և որսագողերը բերման են ենթարկվել ոստիկանություն։
Հանցագործության առաջին երկու դեպքը գրանցվել է փետրվարին Խոսրովի արգելոցում և Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում:
«Խոսրովի անտառ» արգելոցում ինքնաձիգի կրակահերթով վարազ են սպանել, իսկ Աղավնաձոր գյուղի մի խումբ բնակիչներ շարժական էլեկտարական գեներատորի գործադրմամբ Մարմարիկ գետից ապօրինի որսացել են 638 հատ տարբեր տեսակի ձուկ։
Մարտին Տավուշի անտառներում ապօրինի պահվող հրացաններով կրակել և սպանել են երկու եղնիկ։ Իսկ Աղստև գետում էլեկտրական հոսանքի միջոցով որսացել են ձուկ։
Սյունիքի մարզում սպանել են բեզոարյան երկու այծ և որսը տեղափոխելու պահին էլ բռնվել ու բերման են ենթարկվել ոստիկանություն։
Իսկ սեպտեմբերի 6-ին ապօրինի ձկնորսության ժամանակ արձանագրվել է դժբախտ պատահար։ Թեղուտ գյուղի բնակիչ 49-ամյա Համլետ Թամրազյանը իր երկու ընկերների հետ «Դիլիջան» ազգային պարկով անցնող Աղստև գետում էլեկտրական հոսանքի միջոցով փորձել են ձուկ որսալ, ինչի ընթացքում Թամրազյանը էլեկտրահարվել և տեղում մահացել է։-0-