ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիայում բացվել է հռչակավոր հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսին ներկա են եղել Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը, Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Սլովակիայի քաղաքական, հասարակական և մշակութային շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ Հայաստանի և Սլովակիայի մշակույթի նախարարությունները, Վիեննայում Հայաստանի դեսպանությունը, ինչպես նաև Ս. Փարաջանովի թանգարանը:
Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2009 թ.-ի ամռանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի Սլովակիա կատարած այցելության շրջանակներում:
Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում։ Հանրահայտ ռեժիսորի, սցենարիստի և նկարչի ֆիլմերն արժանացել են տասնյակ միջազգային մրցանակների։
Մասնավորապես, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռեժիսորի գեղարվեստական ստեղծագործությունը՝ կոլաժներ, կերամիկա, նկարներ։
Փարաջանովը վախճանվել է 1990-ի հուլիսի 20-ին Երևանում։ «Փարաջանովի հեռանալով՝ կինոաշխարհը կորցրեց իր մոգ-հրաշագործներից մեկին»,-այսպես են արտահայտվել կինոյի և մշակույթի ականավոր գործիչները նրա մահվանից հետո։
1991-ին Երևանում բացվեց ռեժիսոր և նկարիչ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը։--0—