Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին զարմանք հայտնեց դասական երաժշտության հանդեպ հայ երիտասարդության հետաքրքրության առնչությամբ։
«Համերգներին տեսնելով երիտասարդ լսարանը, որն ընդունեց ընկալման համար իմ բավականին բարդ երաժշտությունը, ես անկեղծորեն զարմացած և ուրախացած էի: Եվրոպական ոչ մի երկրում երիտասարդությունը այնպիսի հետաքրքրություն չի ցուցաբերում դասական երաժշտության հանդեպ, ինչպես Հայաստանում»,- ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հոկտեմբերի 26-29-ը Երևանում «21-ի հեռանկարները» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվում էին «Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը»:
Կոմպոզիտորն ընդհանուր առմամբ գոհ էր նվագախմբի կատարման որակից՝ նշելով, որ չնայած նման բարդ երաժշտություն կատարելու փորձի պակասին, երաժիշտներն արեցին հնարավոր ամեն բան:
Փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում և Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կատարվել է կոմպոզիտորի շուրջ 24 ստեղծագործություն:
Պենդերեցկին նշել է փառատոնի մասնակիցների հեղինակավոր ցուցակն այս տարի, որոնց թվում է «Շանհայ» հանրահայտ քառյակը, «Հովեր» հայկական եկեղեցական երգչախումբը, որն այս տարի կմասնակցի «Բեթհովենի» դասական երաժշտության միջազգային լեհական փառատոնին:
Կոմպոզիտորը նշեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում և ապագայում ևս ուրախությամբ կգա այստեղ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճանաչված լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն պարգևատրել է Պատվո Շքանշանով: -0-