Հայ երիտասարդներին Բեռլինի մասին են պատմել Երևանի գիշերային ակումբներից մեկում:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, «Berlin club» ծրագիրը կազմակերպվել է «Արմավիա» ավիաընկերության, Բեռլինի օդանավակայանի և Հայաստանում Գերմանիայի դեսպանատան համատեղ ջանքերով:
Ինչպես լրագրողներին հայտարարել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հան-Յոհեն Շմիդտը, միջոցառման նպատակը հայ երիտասարդներին Բեռլինին ծանոթացնելն է:
«Բեռլինը վերջին 15 տարվա ընթացքում դարձել է երիտասարդների զվարճանքի գլխավոր կենտրոններից մեկը, և մենք ցանկանում ենք հայ երիտասարդներին ծանոթացնել այդ կենտրոնին», - ասել է Շմիդտը:
Դեսպանը նշել է, որ դեսպանատունը Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում, որոնք նախատեսված են ավագ սերնդի համար, այդ պատճառով որոշվել է միջոցառում անցկացնել երիտասարդների համար ևս:
Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: Առաջին մասում, որին մասնակցեցին հատուկ հրավիրված հյուրերը, մասնավորապես՝ լրագրողներն ու հայկական տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, տեղի ունեցան «Արմավիայի», Բեռլինի օդանավակայանի և Գերմանիայի դեսպանատան կողմից պատրաստված շնորհանդեսները:
Խաղարկվեց նաև հատուկ մրցանակ՝ ճանապարհորդություն դեպի Բեռլին երկու անձի համար: Ավիատոմսերը տրամադրում է «Արմավիա» ընկերությունը, իսկ հյուրանոցի ծախսերը հոգում է Գերմանիայի դեսպանատունը:
Միջոցառման երկրորդ մասում, որն արդեն բաց էր բոլոր ցանկացողների համար, ակումբի հյուրերի առջև ելույթ էր ունենում հատուկ Բեռլինից հրավիրված Dj Gabor Bensch-ը:
«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30 ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել:
Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է Ա-319, Ա-320, Իլ-86, Տու-134 ինքնաթիռներից: 2008թ.-ին ընկերությունը փոխադրել է մոտ 647000 ուղևոր:--0—