Բելառուսի ԱԳ նախարարը ժամանում է Հայաստան

29.10.2009, 10:44
Բելառուսի ԱԳ նախարարը ժամանում է Հայաստան
Բելառուսի ԱԳ նախարարը ժամանում է Հայաստան

Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը հինգշաբթի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով ժամանում է Հայաստան, տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Սերգեյ Մարտինովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, Բելառուսի արտգործնախարարը եղևնի կտնկի Հիշողության պուրակում:

Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, ինչպես նաև` պատվիրակության այցելությունը Շիրակի մարզ: 

Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Մարտինովի հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: Հանդիպումից անմիջապես հետո կկայանա Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:-0-