Հայաստանում վարորդական ուսուցումը կներառվի լիցենզավորված գործունեության ցանկում

28.10.2009, 14:30
Հայաստանում վարորդական ուսուցումը կներառվի լիցենզավորված  գործունեության ցանկում

ՀՀ ԱԺ պատգամավորները չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարել «Լիցենզավորման մասին» օրենքում:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, փոփոխություններով ընդլայնվում է լիցենզավորմանը ենթակա գործունեությունների ցանկը, և դրանում ներառվում է նաև տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցումը:

Ինչպես պարզաբանեց նախարարը, այս գործունեությունը դասվում է ուսումնականների շարքին և ենթակա է արտոնագրման:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի խոսքերով՝ այսպիսով տրանսպորտային միջոցների վարորդական դասընթացներ անցկացնող կազմակերպություններն ու անձինք պետք է դիմեն հատուկ արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման գործընթացի համար կազմակերպություններն ու անձինք պետք է ամեն տարի վճարեն 10 հազար դրամի (շուրջ 26 դոլար) պետական տուրք: -0-