Ազնավուրը Ժնևի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ քննարկել է ՄԱԿ-ում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող խնդիրները
Միավորված Ազգերի Կազմակերպությունում (Ժնևի գրասենյակ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 22-ին Ժնև քաղաքի և կանտոնի խորհուրդ այցելության ընթացքում Ժնև քաղաքի խորհրդի նախագահ Դանիել Հիլերի հետ քննարկել է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող խնդիրներ:
Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Ազնավուրը բարձր է գնահատել շվեյցարահայ համայնքին Ժնև քաղաքի և կանտոնի իշխանությունների կողմից ցուցաբերվող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը:
Խորհրդի նախագահն ընդգծել է հայ համայնքի և առանձին անհատների գործունեությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և այդ առնչությամբ կողմերի հետագա անելիքներին:
Դեսպան Ազնավուրը գրառում է կատարել Ժնև քաղաքի և կանտոնի խորհրդի պատվավոր հյուրերի գրքում:-0-