Հայաստանում շուրջ 1640 մարդ պաշտոնապես երկքաղաքացիություն է ստացել, երկուշաբթի խորհրդարանում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ընդ որում նա նշեց, որ որոշակի ակտիվացում այս գործընթացում նկատվում է վերջին 7 ամիսների ընթացքում:
Նրա խոսքերով՝ տվյալ պահին երկքաղաքացիության ստացման մեխանիզմները փոքր-ինչ բարդ են ու որոշակի ընթացակարգային պարզեցումներ են պահանջում:
«Սփյուռքի նախարարությունն արդեն ՀՀ Ոստիկանության ու ԱԳՆ հետ նախաձեռնել է երկքաղաքացիություն ստանալու մեխանիզմների հեշտացումը, որպեսզի դիմողները, հատկապես ազգությամբ հայերը, հնարավորինս քիչ բախվեն բարդությունների հետ և հեշտությամբ Հայաստանի քաղաքացիություն ստանան»,- ասաց Հակոբյանը:
Օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է երկրում երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը, ՀՀ խորհրդարանի կողմից ընդունվել է 2007թ. փետրվարի 26-ին, իսկ երկրի նախագահն այն ստորագրել է 2007թ. մարտի 6-ին։
Օրենսդրության համաձայն` ՀՀ քաղաքացին կարող է ստանալ այլ երկրի քաղաքացիություն, ինչը չի նշանակում և չի բերում Հայաստանի քաղաքացիության կորստի։
Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ 18 տարին բոլորած այն անձինք, որոնք վերջին երեք տարվա ընթացքում մշտապես բնակվել են Հայաստանում, կարող են հայերեն բացատրվել, ծանոթ են երկրի սահմանադրությանը, ամուսնացել են Հայաստանի քաղաքացու հետ կամ էլ Հայաստանի քաղաքացի հանդիսացող մարդու հետ երեխա ունեն:
Ընդ որում ազգությամբ հայերը Հայաստանի քաղաքացիություն ստանում են հեշտացված կարգով: Դրա համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր հանձնել, հարցաթերթիկ լրացնել, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության իմացությունը ստուգող 30 հարցից բաղկացած թեստ հանձնել:
Կառավարության՝ 2007 թ.-ի օգոստոսի 30-ի որոշման համաձայն՝ հարցերի կեսից ավելիի ճիշտ պատասխանի դեպքում թեստն անցած է համարվում: -0-