ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը երկուշաբթի իրականացրել է իր առաջին կանոնավոր չվերթը դեպի Բահրեյն:
Ականավոր հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը կրող А-319 օադանավն այսուհետ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր է իրականացնելու Բահրեյնի մայրաքաղաք Մանամա:
Մանամայում հայկական ինքնաթիռը դիմավորել են բարձրաստիճան պաշտոնյաներ և Բահրեյնի ավիացիոն ղեկավարությունը:
Ինչպես ասաց «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելույանը, նոր ավիաչվերթը կարևոր դեր է կատարում ինչպես Հայաստանի, այնպես էլ Բահրեյնի համար:
«Մենք ենթադրում ենք, որ չվերթից կօգտվեն բազմաթիվ ուղևորներ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Հուսով ենք, որ «Արմավիայի» չվերթը մեծ օգուտ կբերի Բահրեյնի ժողովրդին և երկարատև ամուր կապ կհաստատի երկու ժողովուրդների ու պետությունների միջև»,- ասաց Բելույանը:
Բահրեյնը կղզի-պետություն է Հարավ-արևմտյան Ասիայում Բահրեյնի ծոցում (Պարսից ծոցի հյուսիս-արևմտյան մասում): Բահրեյնը կազմված է 33 կղզիներից, որոնցից բնակեցված է միայն 5-ը: Երկրի ընդհանուր մակերեսը 695 քառակուսի կմ է, իսկ բնակչության թիվը՝ ավելի քան 700 հազար մարդ: Բահրեյնի մայրաքաղաքն է նավահանգստային Մանամա քաղաքը, որը գտնվում է կղզու հյուսիսային ափին:
«Վիկտոր Համբարձումյան» անվանական ինքնաթիռը դիմավորելու հանդիսավոր արարողության ժամանակ Բահրեյնի թագավորության ներկայացուցիչները հուշանվերներ մատուցեցին «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, գլխավոր տնօրեն Նորայր Բելույանին և առաջին չվերթն իրականացրած ողջ անձնակազմին:
«Արմավիա» ավիաընկերությունը Օդային տրանսպորտի միջագզային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ընկերությունն իրականացնում է ամսական մոտ 250 չվերթ 30 ուղղություններով դեպի ԱՊՀ երկրներ, Եվրոպա և Միջին Արևելք: 2008թ.-ին ընկերությունը մոտ 647000 ուղևոր է փոխադրել: --0--