ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ աջակցությամբ Լոռու մարզում տեղի ունեցավ կազմակերպված աշխատանքային քննարկում` խթանելու ոստիկանության և լրատվամիջոցների համագործակցությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեղի ոստիկանության մոտ քառասուն ներկայացուցիչ և լրագրող քննարկեցին ոստիկանություն - լրատվամիջոցներ փոխհարաբերությունները, մարտահրավերները, խնդիրներն ու հնարավոր լուծումները:
Ժողովրդավարական ոստիկանությունը կարևոր դեր է խաղում հասարակության անվտանգության ապահովման գործում և հիմնվում է հասարակության վստահության վրա: Թափանցիկ, հաշվետու ոստիկանությունը և ոստիկանության ու լրատվամիջոցների արդյունավետ համագործակցությունը այդ վստահության երաշխիքներից են», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը:
Սեմինարի մասնակիցները քննարկեցին ոստիկանությունից տեղեկատվության մատչելիությունը լրագրողների համար, ճշգրիտ և պատասխանատու լուսաբանման, ինչպես նաև ոստիկանության հաշվետու և պատասխանատու համակարգի կարևորությունը, նաև առաջնահերթությունները քրեական հետաքննության ընթացքում և հատուկ դեպքերում:
«Այս սեմինարն առաջինն է, որի շրջանակներում մարզային ոստիկանությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում են` քննարկելու մտահոգության տեղիք տվող խնդիրները», - ասաց Լոռու մարզային ոստիկանության պետ Անուբաղ Համբարյանը։
Նրա խոսքերով, սեմինարը բացառիկ հնարավորություն է ոստիկանների և լրագրողների համար` քննարկելու ավելի արդյունավետ համագործակցություն։
Սեմինարը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ոստիկանության հետ համագործակցությամբ` «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ -0-