Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային մրցաշարի 4-րդ փուլում 3-1 հաշվով հաղթել է Սերբիայի երկրորդ հավաքականին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը հաղթանակ են տարել Նիկոլա Սեդլակի և Միլոշ Ռոգանովիչի նկատմամբ, իսկ Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը կիսել են միավորները Իգոր Միլադինովիչի և Սիլավիշա Բրենչոյի հետ:
Չորս փուլից հետո Հայաստանը 6 միավորով մրցաշարում զբաղեցնում է 7-րդ տեղը:
Հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարի դիրքում են Ադրբեջանի և Վրաստանի հավաքականները, որոնք 5-րդ փուլում կխաղան միմյանց հետ:
Հայաստանի հավաքականը 5-րդ փուլում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Հայաստանի կանանց հավաքականը, 4-րդ փուլում պարտություն կրելով Վրաստանի ուժեղ հավաքականի կողմից, 6 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Կանանց թիմերի շրջանում 100 տոկոսանոց արդյունքով առաջատարի դիրքում է Վրաստանի հավաքականը:
Հինգերորդ փուլում Հայաստանի կանանց հավաքականը ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ:-0-