ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարևոր գործընկեր է Իտալիայի համար, իսկ հայ և իտալացի ժողովուրդների հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, ասաց Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Իտալիայում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հայ դեսպանն Իտալիայի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը։
Դեսպան Կարապետյանն իր հերթին շեշտել է Իտալիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:
Այդ նպատակով դեսպան Կարապետյանը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի անունից հրավիրել է Ջորջիո Նապոլիտանոյին այցելել Հայաստան:
Դեսպան Կարապետյանը Նախագահ Նապոլիտանոյի խնդրանքով ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացների վերջին զարգացումները:
Հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` Իտալիայի Նախագահը հույս է հայտնել, որ նա իր ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների խորացման ու զարգացման գործում:-0-