ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև տարեվերջ հացի գների բարձրացում չի սպասվում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց հանրպետության Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
«Հնարավոր է, որ հացաբուլկեղենի որոշ արտադրողներ արտադրանքի տեսականու և քաշի փոփոխությունների պատճառով փորձեն որոշակիորեն ճշգրտել գները, սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնա հացի գների վրա »,- հայտարարեց նա:
Նախարարը հայտնեց նաև, որ հացահատիկի բերքի ծավալներն այս տարի շուրջ 350-370 հազար տոննա կկազմեն:
«Հաշվի առնելով Հայաստանում օգտագործվող հացահատիկի ծավալը, որը տարեկան կտրվածքով 600-650 հազար տոննա է կազմում, մենք պետք է նույնքան էլ հացահատիկ ներկրենք»,- ասաց նախարարը:
Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2009 թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ Հայաստանում 0,3 տոկոսով հացամթերքի գների անկում է գրանցվել: -0-