Հայաստանն անհրաժեշտ է համարում առանց նախապայմանների տնտեսական համագործակցություն հաստատել ՍԾՏՀ-ի հետ
Հայաստանն անհրաժեշտ է համարում առանց նախապայմանների տնտեսական համագործակցություն հաստատել ՍԾՏՀ-ի հետ:
«Չափազանց կարևոր է առանց որևէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը Բաքվում ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպման ժամանակ:
Ինչպես հինգշաբթի հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի ու տեղեկատվության վարչությունը, այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսևորում:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:
Իր ելույթում Արման Կիրակոսյանն անդրադարձել է ՍԾՏՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները:
ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցել են ՍԾՏՀ 12 անդամ երկրների պատվիրակությունները, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդ և սեկտորալ համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն իր ելույթում անդրադարձել է նաև ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարևորությունը տարածաշրջանային և մասնավորապես, ՍԾՏՀ շրջանակներում, համագործակցության զարգացման և խորացման համար:
Նախարարների խորհրդի հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային:--0--