Հայաստանը պետք է հրաժարվի Կարսի պայմանագրից՝ հանուն Հայաստանի և հայության ապագայի, կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:
«Թուրքական իշխանության ողջ քաղաքականությունն այսօրվա դրությամբ այն է, որ վերջիվերջո Հայաստանին փաթաթի Կարսի պայմանագիրը, որը, որպես օրենք, ամենևին էլ չի բխում հայերի ազգային շահերից: Հայ-թուրքական արձանագրություններում այդ պայմանագրի հիմնական դրույթներն արտացոլված են, և այսօր Հայաստանը, լինելով ազատ երկիր, պետք է ընտրություն կատարի՝ կամ ընդունի դրանք այդ արձանագրությունների վավերացման միջոցով, կամ դրանցից ընդհանրապես հրաժարվի», - ասաց Կարապետյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:
1921 թ.-ին Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված Կարսի պայմանագրով սահմանվում էր Թուրքիայի և Անդրկովկասի հանրապետությունների միջև սահմանը:
Պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը ինքնավար հանրապետություն է կազմում Ադրբեջանի հովանավորությամբ։
Կարսի պայմանագիրը հիմնականում կրկնում է 1921 թ. Մոսկովյան պայմանագրի դրույթները, որը ոտնահարում էր Հայաստանի կենսական շահերը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:
Կարապետյանի խոսքերով՝ Թուրքիայի ղեկավարության այսօրվա քաղաքականության առաջնահերթ նպատակն այն է, որ ստիպի Հայաստանին, առաջին հերթին, հրաժարվել Արևմտյան Հայաստանի հողերի նկատմամբ որևէ պահանջից:
«Բնական է՝ կա Հայոց ցեղասպանության հարցն ու ղարաբաղյան խնդիրը, սակայն Թուրքիային առաջին հերթին մտահոգում է այդ հողերի հնարավոր վերադարձի հարցը: Ձեռքի տակ ունենալով երաշխիքներ՝ Թուրքիայի ղեկավարությունը կզբաղվի նաև այլ խնդիրների լուծմամբ՝ սկսելով ցեղասպանության հարցից», - տեղեկացրեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ոչ միայն չեղյալ համարեն Կարսի պայմանագիրը, այլև հրաժարվեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացից:
«Այժմ, ինչպես հայտնի է, այդ արձանագրությունները գտնվում են Սահմանադրական դատարանում, որը կոչված է հավանության արժանացնել կամ չեղյալ համարել դրանք: Ես կոչ են անում Սահմանադրական դատարանին ոչ միայն մանրամասն ծանոթանալ այդ արձանագրություններին, այլև բացահայտել այն հնարավոր հետևանքները, որոնք կսպառնան Հայաստանի ազգային անվտանգությանը», - ընդգծեց Կարապետյանը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Հանդիպման ավարտից հետո Թուրքիայի նախագահը հրավիրել էր իր հայ գործընկերոջը Բուրսա՝ ներկա գտնվելու 2009 թ.- հոկտեմբերի 14-ին կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին:-0-