ԱՄՆ-ն շարունակելու է պնդել առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը

20.10.2009, 17:28
ԱՄՆ-ն շարունակելու է պնդել առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը
ԱՄՆ-ն շարունակելու է պնդել առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Վաշինգտոնը շարունակելու է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

«Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը և ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը և հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում ևս շարունակելու է հավատարիմ մնալ դրան:

 

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը:

 

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան համագործակցությունը և շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած ծավալուն աջակցության, ինչպես նաև  տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներին և երկրում ժողովրդավարական գործընթացներին:

Տիկին Քեյդանաուն կարևորել է ժողովրդավարացման ուղղությամբ նկատելի առաջընթացը և վերջերս կիրառված համաներումը՝ նշելով, որ այն և դրան հաջորդած քայլերը դրական մեծ ազդակ են ժողովրդավարացման գործընթացների առումով:

Նախագահ Սարգսյանը ողջունել է տիկին Քեյդանաուի առաջին այցը Հայաստան և շնորհավորել նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Քեյդանաուն նախագահին է փոխանցել ԱՄՆ պետքարտուղարի ողջույնները:-0-