Եվրասիա-համագործակցություն հիմնադրամը և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) երկուշաբթի համագործակցության հուշագիր են ստորագրել:
«Հուշագիրը սահմանում է երկու հաստատությունների միջև գործակցության շրջանակները, որոնք ուղղված են Հայաստանի բուհերում, մասնավորապես ԵՊԼՀ-ում կրթության մակարդակի կատարելագործմանն ուղղված բարեփոխումների իրագործմանը՝ Բոլոնյան գործընթացի լույսի ներքո», - միջոցառման ընթացքում ասաց Հիմնադրամի եվրոպական ծրագրերի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, հուշագրում ամրագրված են և հետագայում համատեղ կիրագործվեն բարձրագույն կրթության ոլորտում խորհրդատվությունները, նորարար ծրագրերը, որոնք մշակվել են այս ամառ Հայաստանում անցկացված կազմակերպչական-արտադրական սեմինարի արդյունքում:
«Սեմինարի ընթացքում մշակված բացառիկ մեթոդաբանությունը, որը հատուկ հարմարեցված է բարձրագույն կրթության հայրենական համակարգին, հիմնված է ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային փորձագետների խորհրդատվությունների վրա, այն թույլ կտա Հայաստանում արդյունավետ իրագործել մի շարք կրթական բարեփոխումներ», - հուշագրի ստորագրման արարողության ընթացքում նշեց հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
Գաբրիելյանի խոսքերով, այս համատեղ նախաձեռնությունը թույլ կտա լուծել այսօր հայրենական կրթության ոլորտում գոյություն ունեցող առավել հրատապ խնդիրները և այն բարձրացնել որակապես նոր մակարդակի: Մասնավորապես, հուշագրի շրջանակներում նախատեսված ծրագրերը զգալիորեն կկրճատեն գործատուի և ուսանողի միջև գոյություն ունեցող անվստահությունը:
«Այս հուշագրի շրջանակներում մենք ԵՊԼՀ-ի ուսանողների համար ինտերնատուրայի հնարավորություն ենք ստեղծում», - ասաց Տեր-Գաբրիելյանը:
Նա նշեց, որ այս նախաձեռնությունը ձեռնտու է հավասարապես և գործատուին, և ուսանողին:
«Ցավոք, մեր հայրենական բուհերը չունեն որակի այն մակարդակը, որպեսզի առանց նախապարտաստության շրջանավարտերին աշխատանքի պատրաստեն: Հենց այս բացը լրացնելու համար մենք հայրենական գործարարների հետ որոշեցինք որոշակի ծրագիր իրականացնել», - նշեց Տեր-Գաբրիելյանը:
Նրա խոսքով, համագործակցության նման ծրագիրն արդեն իրագործվել է VivaCell ընկերության հետ:
Իր խոսքի վերջում Տեր-Գաբրիելյանը նշեց, որ յուրաքանչյուր բուհի որակը որոշվում է շրջանավարտների գիտելիքների աստիճանով և աշխատանքի տեղավորման թվով, և հաշվի առնելով այս ամենը՝ նա համոզմունք հայտնեց, որ այս հուշագիրը թույլ կտա արդյունավետ լուծել այս խնդիրը:
ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն իր հերթին կարևորել է այս հուշագիրը, որը, նրա խոսքերով, հայրենական կրթության բարեփոխումների համակարգում նոր փուլ է նշանավորում:-0-