ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական արձանագրությունները չպետք է Հայաստանի և Սփյուռքի միջև չհասկացվածության պատ ստեղծեն, հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Այսօր ստեղծված իրավիճակում մենք չպետք է չհասկացվածության պատ ստեղծենք Հայաստանի և սփյուռքի միջև: Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, բայց չհասկացվածություն մեր միջև չպետք է լինի, մենք թշնամիներ չպետք է դառնանք»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
ՌՀՄ նախագահը նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցի շուրջ տարաձայնությունների առկայությունը լիովին բնական է, և անհասկանալի կլիներ, եթե ողջ հայությունն անվերապահորեն սատարեր Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը: Աբրահամյանը տեղեկացրեց, որ բոլոր հայերի մոտ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հարցը տարբեր զգացմունքներ է առաջ բերում, այնինչ առաջնային լինի անվտանգության ու ազգի շահերի հարցը:
Ռուսաստանի հայերի միության ղեկավարն ասաց, որ հարաբերությունների կարգավորման հարցը կարևորագույն հարցերից է, և չկա ոչ մի հայ՝ անկախ բնակության վայրից, որին այդ հարցը չհուզի:
Աբրահամյանը նշեց, որ չնայած այս գործընթացի հանդեպ տարբեր մոտեցումներին և վերաբերմունքին, անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրա դրական կողմերը: Այդպիսինների շարքին նա դասեց ճանապարհների բացումն ու Հայաստանի՝ աշխարհի հետ շփման այլընտրանքային ուղու գործարկումը:
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում գտնվել շրջափակման մեջ և հիշում ենք, թե ինչ դրության մեջ էինք Վրաստանում պատերազմի ժամանակ: Բացի այդ, սա լրացուցիչ հնարավորություն է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, հնարավորություն ևս մեկ անգամ ցույց տալու, թե ովքեր են հայերը, և որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության մեզ հուզող հարցերը լուծելու համար»,- հայտարարեց նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-