Հայաստանում փողերի լվացման փաստով վերջին չորս տարվա ընթացքում 7 վճիռ է կայացվել, որից մեկը կայացվել է 2006 թվականին, մյուս վեցը՝ 2009 թվականին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկման կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը։
«Դեպքերի ճնշող մեծամասնությունը կապված է, մասնավորապես, Հայաստանում օտարերկրացիների կողմից պլաստիկ քարտերի գործարքների կեղծումների հետ»,- ուրբաթ լրագրողներին հայտնեց Ազատյանը։
Ըստ նրա, բոլոր դատական որոշումների արդյունքում պետբյուջե մուտք է գործել 40 մլն դրամ (շուրջ 104 հազար ԱՄՆ դոլար)։ «Առգրավված գումարների մի մասը վերադարձվել է տուժած կողմին»,- ացելացրեց նա։
Վիճակագրական տվյալներ ներկայացնելով ՖԴԿ գործունեության վերաբերյալ՝ Ազատյանն ասաց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հաղորդագրություններ են ստացվել 39 կասկածելի գործարքների մասին, որոնցից երեքն՝ ընթացիկ տարում, ընդ որում ուղարկված գործերի մի մասը դիտարկման փուլում է։
Բացի այդ, նրա խոսքերով, ներկայում ՖԴԿ է ներկայացվել 294308 հաշվետվություն գործարքների վերաբերյալ, որոնց ծավալը գերազանցում է 20 մլն դրամը (52 հազար ԱՄՆ դոլար)։ Դրանցից 69813 հաշվետվությունը ստացվել է 2009 թվականի ընթացքում։
«Ստացվել է նաև կասկածելի գործարքի 157 հաշվետվություն, որոնցից 68-ն ընթացիկ տարում»,- ասաց նա։
Միաժամանակ ՖԴԿ ղեկավարը պարզաբանեց, որ կասկածելի կարող են համարվել այն գործարքները, որոնք զգալիորեն տարբերվում են, այդ թվում, ֆինանսական ցուցանիշներով, նրանցից, որոնք կնքված են տվյալ կոնկրետ բիզնեսի ոլորտում։
«Ֆինանսական հետախուզման օտարերկրյա կառույցների հետ համագործակցության շրջանակներում Կենտրոնը ստացել և պատշաճ կերպով պատասխանել է 60 հարցման, որոնցից 16-ը գրանցվել են 2009 թվականին»,- ասաց նա։
Հայաստանի ֆինանսական դիտարկման կենտրոնը ստեղծվել է 2005 թվականին։ Դրա նպատակը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում օրենքով նախատեսված գործառույթների իրականացումն է։
2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՖԴԿ-ում գրանցվել է 417 ֆինանսական և 639 ոչ ֆինանսական կազմակերպություն և անձ, այդ թվում, ռիելթորական ընկերություններ, խաղատներ, նոտարական և փաստաբանական գրասենյակներ, ինչպես նաև որոշ պետական գերատեսչություններ։ -0-