Հայաստանը Թուրքիայի հետ արձանագրությունների վավերացման մինչև վերջին րոպեն պետք է մանրակրկիտ ուսումնասիրի փաստաթղթերի բովանդակությունը, հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Մինչ համաձայնագրի վավերացումը մենք պետք է մեծ աշխատանք կատարենք: Մենք ունենք խորհրդարան, նախարարություններ, Սահմանադրական դատարան, Ազգային անվտանգության խորհուրդ, և պետք է մինչ վավերացումն ամեն րոպեն օգտագործել արձանագրությունների ուսումնասիրման համար», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից
Թուրքիայի խորհրդարանը մտադիր է քննարկել արձանագրություններն արդեն հաջորդ շաբաթ:
Ինչպես ընդգծեց ՌՀՄ-ի նախագահը, արձանագրությունները պետք է անցնեն համատեղ քննարկումների փուլ՝ առանց փոխադարձ մեղադրանքների:
«Մենք մինչ վավերացումը դեռ ժամանակ ունենք, և մեր վերջնական խոսքը կասենք խորհրդարանում փաստաթղթերի վավերացումից հետո», - ասաց նա:
Աբրահամյանն ընդգծեց, որ այս փուլում քննարկումների մասնակիցները կարող են իրենց մտահոգությունն արտահայտել, իրենց հուզող հարցերը հղել ՀՀ նախագահին:
«Առավել հեշտ է խոսել նախագահի հետ լիակատար համաձայնության մասին, սակայն մենք մտահոգություններ ունենք: Իհարկե, նախագահի քայլը շատ խիզախ էր, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պետության ղեկավարը ճիշտ կողմնորոշվի: Մենք չենք ցանկանում սխալվել», - նշեց նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-