Հայկական հասարակությունն ու պետությունը պետք է լրջորեն պատրաստվեն հայ-թուրքական սահմանի բացմանը, կարծում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Հատկապես կարևոր է մեր պատրաստվածության աստիճանը, երբ խոսում ենք սահմանների բացման մասին: Մեր պետությունը, փոքր և միջին բիզնեսը, ձեռներեցները պետք է պատրաստ լինեն սահմանների բացմանը, կառավարությունը պետք է համապատասխան ծրագիր ունենա, իսկ մեր ժողովուրդը պետք է դրան բարոյապես պատրաստ լինի», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամյանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ նախարարների կողմից ստորագրված համաձայնագիրը ՌՀՄ-ի մտահոգությունն է առաջացնում, քանի որ միության իրավաբանները տեքստում գտել են մի շարք երկակի ձևակերպումներ, սակայն հայ ժողովուրդը չպետք է բաժանվի ստորագրված փաստաթղթի հակառակորդների և կողմնակիցների:
«Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, մեր ժողովրդի թշնամին թուրքերն են, իսկ մենք պետք է ձեռնարկենք ամեն ինչ՝ հերթական անգամ չսխալվելու համար: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք տարածաշրջանային գերտերության հետ, որը վերջին մի քանի հարյուր տարվա ընթացքում մեր պետությանը որևէ լավ բան չի արել», - նշեց Աբրահամյանը:
Ինչպես նա նկատեց, Հայաստանը ստեղծված հանգամանքներում պետք է մտնի Թուրքիայի հետ մրցակցության մեջ, իսկ դրա համար պետք է լրջորեն նախապատրաստվել: Նրա խոսքերով՝ Հայաստանը շատ լավ տեղյակ է Թուրքիայի տնտեսական ներուժի մասին: «Մենք չենք կարող մեզ խաբել, և այդ պատճառով անհրաժեշտ է բացահայտել մեր առավելությունները, որոշել մրցակցության համար անհրաժեշտ արտադրության ծավալը, հասկանալ, թե ինչ ապրանք կարող ենք վաճառել», - ընդգծեց Աբրահամյանը:
Միաժամանակ ՌՀՄ-ի նախագահը հայտարարեց հայրենական արտադրողնի շահերն օրենսդրորեն պաշտպանելու անհրաժեշտության մասին:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-