Հայաստանի և Լիտվայի բուհերը համագործակցություն են հաստատում, հաղորդում է Երևանի պետական համալսարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Tempus ազգային գրասենյակի նախաձեռնությամբ և Լիտվայի «Կրթական փոխանակումների աջակցության հիմնադրամի» հովանավորությամբ հոկտեմբերի 14-18-ը Հայաստանում է գտնվում Լիտվայի տարբեր բուհերը ներկայացնող ակադեմիական պատվիրակությունը:
Հոկտեմբերի 16-ին պատվիրակությունը կհանդիպի հայաստանյան բուհերի ներկայացուցիչների հետ: Tempus ծրագրի շրջանակներում երբևէ չհամագործակցած երկու երկրների կրթական ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի և Լիտվայի տարբեր բուհերի գործունեությանը, զրուցել ընդհանուր խնդիրների և ծրագրերի մասին, գտնել համագործակցության եզրեր:
Բուհերի ներկայացուցիչներից բացի, հանդիպմանը կմասնակցեն նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գիեդրիուս Ապուոկասը և ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը:
Tempus-ը Եվրոպական Միության ծրագրերից մեկն է, որն աջակցում է սոցիալական և տնտեսական բարեփոխումների անցկացմանն ու ԵՄ գործընկեր-երկրների զարգացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործընկեր-երկրներում բարձրագույն կրթության համակարգերի զարգացմանը՝ նրանց հետ հավասարակշիռ համագործակցության միջոցով:-0-