Հայ ծանրորդը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի 2009թ. երիտասարդական առաջնությունում

16.10.2009, 10:17
Հայ ծանրորդը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի ծանրամարտի 2009թ. երիտասարդական առաջնությունում

Մինչև 62 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ծանրորդ Վանիկ Ավետիսյանը երկամարտի 270 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Ինչպես նշվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ, պոկում վարժությունում Ավետիսյանը գրանցել է 119 կգ արդյունք` զբաղեցնելով 3-րդ տեղը, իսկ հրումում` 151 կգ արդյունք` զբաղեցնելով 2-րդ տեղը:

Երկամարտի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է լեհ ծանրորդ  Դամիան Վիշնևսկին` 274 կգ արդյունքով, 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է 1 կգ-ով պակաս բարձրացրած թուրք Բունյամի Սեզերը:

Առաջնությունը հաղթանակով է մեկնարկել Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը (մինչև 56 կգ)՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել մինչև 69 կգ քաշային կարգում ծանրորդների մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացրել է Դավիթ Մուրադյանը:

Հայաստանի հավաքականը Վլադիսլավովո քաղաքում ներկայացնում է 9 ծանրորդ:-0-