Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 16-18-ին Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի օրեր կանցկացվեն, «Նովոստի-Արմենիա» գոևրծակալությանը հայտնեցին ՌՀՄ մամուլի ծառայությունից:
Այս անգամ Օրերը նվիրված են ՌՀՄ հիմնադրման 10-ամյակին:
Ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունը և Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարելու են համահայկական ամենամյա մրցույթի մեկնարկը «Հայապահպանության գործում ունեցած նշանակալից ավանդի համար» խորագրով:
Ի թիվս այլ միջոցառումների, ծրագրով նախատեսվում են «Ռուսաստանի հայերի միության հրատարակչական գործունեությունը» գրքերի ցուցահանդես, մշակութային միջոցառումներ, գրական-երաժշտական երեկոներ:
Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում տեղի կունենա կլոր սեղան «Ռուսաստանի հայերի միությունը 10-ամյա նախաշեմին» խորագրով, որին կհաջորդի «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ» փաստաթղթերի հավաքածուի երկհատորյակի շնորհանդեսը:
Նույն օրը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա աշակերտների և ուսանողների «Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան» թեմայով լավագույն գրական ստեղծագործության «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով 5-րդ ամենամյա միջազգային գրական մրցույթի արդյունքների ամփոփումը:-0-