ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանն, ըստ ամենայնի, կմերժի ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը, որը ներկայացրել է «Ժառանգություն» կուսակցությունը, կարծում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Օրինագծին, ըստ ամենայնի, սպասում է նույն ճակատագիրը, ինչ որ առաջ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շարմազանովը:
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հինգշաբթի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին «ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծ» է ուղղել:
Օրինագիծը խոսնակի կողմից պետք է քննարկման դրվի մոտակա երկու օրում: Օրենքի ընդունման դեպքում փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից հետո 10-րդ օրը:
«Ժառանգություն» կուսակցությունն ավելի վաղ արդեն հանդես եկել էր նման նախաձեռնությամբ, սակայն 2008 թ.-ի ապրիլին օրինագծի քննարկումը տապալվել էր իշխող մեծամասնության կողմից:
Շարմազանովի խոսքերով, ԼՂՀ անկախության ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի, «մեր նպատակը պետք է Արցախի միջազգային ճանաչումը լինի»:
«Այսօրվա դրությամբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն անցնում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ցանկացած այլ միջնորդություն կվնասի տվյալ գործընթացին»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի գտնվի անկախ Ադրբեջանի կազմում:
Շարմազանովի խոսքով, Լեռնային Ղարաբաղը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան ունի այսօր, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո անկախ պետություն է:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմը երբեք միակողմանի զիջումների չի գնա»,- ասաց Շարմազանովը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
-0-