Թուրք փորձագետը կարծում է, որ դժվար կլինի «հետադարձ ընթացք» տալ հայ-թուրքական գործընթացին
Թուրք փորձագետ, GPOT (Global Political Trends Center) կենտրոնի ղեկավար Մենսուր Ակգյունը (Mensur Akgun) կարծում է, որ դժվար կլինի «հետադարձ ընթացք» տալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Ամեն դեպքում՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է արձանագրվել, այսինքն այնքան էլ հեշտ չի լինի պարզապես ետ գնալ», - ասաց Ակգյունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Հայաստանը և Թուրքիան շաբաթ օրը Ցյուրիխում ստորագրեցին երկկողմ հարաբերությունների նորմալացման մասին արձանագրություններ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ:
Միաժամանական նա կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տեղաշարժերի բացակայության դեպքում այդ գործընթացը կարող է դանդաղել:
«Այդ դեպքում մենք կփորձենք ցույց տալ Ադրբեջանին, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացները չեն թուլացնի Ադրբեջանը և չեն ուժեղացնի Հայաստանը, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր», - ասաց փորձագետը:
Նրա խոսքերով՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունները կրում են ոչ միայն զգացմունքային բնույթ:
«Թուրք-ադրբեջանական հարաբերություններում բավականին շատ տնտեսական գործոններ կան. մենք նրանցից գնում ենք նավթ, գազ, գոյություն ունեն գազատարներ, թուրք ձեռներեցներն Ադրբեջանում ներդրումներ են իրականացրել: Պետք է հաշվի առնել նաև այդ գործոնները», - ասաց Ակգյունը:
«Մյուս կողմից մենք ցանկանում ենք հարաբերություններ զարգացնել նաև Հայաստանի հետ՝ չցանկանալով վիրավորել Ադրբեջանին: Այստեղ դիլեմա է առաջանում: Եվ ամենահեշտ լուծումը հավասարակշռություն գտնելն է, որը ձեռնտու կլինի Ադրբեջանին», - կարծում է փորձագետը:
Նրա խոսքերով՝ դա չի նշանակում ղարաբաղյան խնդրի այս կամ այն լուծում:
Փորձագետը կարծում է, որ մեկ ոչ մեծ քայլը դեպի առաջ, օրինակ, «մեկ-երկու շրջաններից զորքի դուրսբերումը կբավարարի Թուրքիային»:
«Թուրքիային կարող է բավարարել նույնիսկ որևէ «ճանապարհային քարտեզի» ընդունումը, ասենք՝ հինգ տարով, որտեղ կա ժամանակացույց, թե ինչպես և ինչ է տեղի ունենալու՝ թեկուզ Ռուսաստանի հովանու ներքո: Ամեն դեպքում՝ մենք կտեսնենք, որ գործընթացն առաջ է շարժվում», - նշեց թուրք փորձագետը:
«Էականն այն է, որ մենք զգանք, որ կա երկու երկրների և ժողովուրդների միջև մերձեցման որոշակի զգացողություն», - ավելացրեց նա:
Խոսելով արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի խորհրդարանում ուժերի բաշխվածության մասին՝ Ակգյունը նշեց, որ չորս քաղաքական ուժերից երկուսը դեմ են լինելու իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ցանկացած նախաձեռնությանը:
«Եթե նույնիսկ Ալիևն ասեր, որ Թուրքիան լավ է վարվում, այդ կուսակցությունները դեմ կլինեին: Նրանք դեմ չեն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, այլ դեմ են նրան, թե ինչ է անում Արդարություն և զարգացում կուսակցությունը»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքերով՝ Արդարություն և զարգացում կուսակցությունում կա ազգայնամոլ խումբ, որը չի ցանկանում «բարկացնել» Ադրբեջանին:
Փորձագետն ավելացրեց, որ առավելապես քրդերին ներկայացնող չորրորդ քաղաքական ուժը կողմ է իշխող կուսակցության կողմից իրականացվող բոլոր դրական գործընթացներին:
«Սակայն նրանք այնքան էլ ուժեղ չեն խորհրդարանում և հիմնականում կենտրոնացված են քրդերի հետ կապված գործընթացների վրա», - նշեց Ակգյունը:
Նրա խոսքերով՝ կան մի քանի գործոններ, որոնք կարող են հեշտացնել Արդարություն և զարգացում կուսակցության գործը հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
Այդ գործոնների թվում փորձագետը նշեց, մասնավորապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կայանալիք այցը Թուրքիա և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման փորձերը:
Ակգյունը մասնակցում է Բուրսայում կազմակերպված հայ և թուրք լրագրողների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվում են երկու ժողովուրդների հարաբերությունների միջև առկա խնդիրները:
Երեքշաբթի մեկնարկած ԶԼՄ-ների ներկայացուցիչների երկօրյա հանդիպումը կազմակերպել են «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամն ու Ստամբուլի մշակութային համալսարանին առընթեր GPOT (Global political trends center) թուրքական կազմակերպությունը:-0-