ՀՅԴ-ն բոլոր քաղաքական ու սահմանադրական միջոցներով պայքարելու է խորհրդարանում հայ-թուրքական արձանագրություների վավերացման դեմ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Դաշնակցությունը վճռականորեն տրամադրվել է տապալել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Այս նպատակին հասնելու համար նա մտադիր է օգտագործել բոլոր հնարավոր քաղաքական ու սահմանադրական միջոցներն ու հնարավորությունները: Այս նպատակով մեր կուսակցությունը, նախևառաջ, կազմակերպում է մեծ հանրահավաք Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, որը կկայանա հոկտեմբերի 16-ին»,- հայտնեց Մանոյանը:
Մանոյանի խոսքերով, այդ հանրահավաքի հիմնական նպատակը ՀՀ իշխանություններին ուղղված հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից հրաժարվելու կոչը կդառնա:
Հայաստանն ու Թուրքիան հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Քուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:
«Մեր կուսակցությունը կոչ է անում համայն հայությանը զինվել վստահությամբ ու վճռականությամբ: Մենք պետք է համատեղ ուժերով բացառենք այդ արձանագրությունների ստորագրումը, այդպիսով խուսափելով ողջ հայությանն ու Հայաստանին սպառնացող իրական վտանգներից: Մենք պետք է անենք դա հանուն Հայաստանի, ազատագրված Արցախի, մեր ժողովրդի համախմբման ու մեր ապագա սերնդի՝ արժանապատիվ կյանքի իրավունքի պաշտպանության»,- ընդգծեց Մանոյանը:
ՀՅԴ առանձնահատուկ եռանդով է հանդես գալիս հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Դաշնակցությունը սեպտեմբերի 12-ից բողոքի ակցիա էր անցկացնում, հացադուլ ու ստորագրահավաք, ինչպես նաև նախաձեռնել է 12 կուսակցությունների կողմից արձանագրությունները չստորագրելու պահանջով հայտարարության ստորագրումը:
Ուրբաթ՝ արձանագրությունների ստորագրման նախօրեին, Դաշնակցությունը Երևանում անցկացրեց բազմահազարանոց երթ, որի ընթացքում «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցությունը կարող է պահանջել ոչ միայն նախագահի, այլև իշխող ողջ համակարգի հրաժարականը: -0-