ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և VivaCell-MTS ընկերության բացառիկ հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Փառատոնի մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, համերգը կկայանա հոկտեմբերի 13-ին Երևանում Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը։
Համերգին կմասնակցեն հայտնի սաքսոֆոնիստ Կորյուն Ասատրյանը (Գերմանիա) և աշխարհահռչակ ակորդեոնահար, կոմպոզիտոր և դիրիժոր Էնրիկե Ուգարտեն (Իսպանիա)։
Վերադարձի դասական երաժշտության երրորդ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կընթանա մինչև հոկտեմբերի 24-ը։
Կորյուն Ասատրյանը ծնվել է 1985 թ.-ին Երևանում։ 2002 թ.-ին տեղափոխվել է Գերմանիա՝ սկզբում սովորելով «Դեթմոլդ» երաժշտական ակադեմիայում Դանիել Գոթյեի ղեկավարությամբ։ 2007 թ.-ին ավարտում է Քյոլնի երաժշտական ակադեմիան։ Ասատրյանը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, մի շարք միջազգային փառատոների մասնակից։
Էնրիկե Ուգարտեն ծնվել է 1957 թ.-ին Իսպանիայում։ Նա ընդամենը 4 տարեկան էր, երբ առաջին անգամ սկսեց ակորգեոն նվագել, 6 տարեկանում գրեց առաջին երգը, իսկ 7 տարեկան հասակում արդեն համերգով ելույթ ունեցավ 1500 հոգուց բաղկացած հանդիսատեսի առջև։ Սան Սեբաստիան քաղաքի «Բարձրագույն կոնսերվատորիայի» շրջանավարտ Ուգարտեն այսօր հանդես է գալիս Եվրոպայի ամենամեծ համերգարսրահներում։ -0-