ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մարդու իրավունքների մասին վեց վավերագրական ֆիլմ կցուցադրվի Երևանում «Ես մարդ եմ» Երրորդ հարավկովկասյան փառատոնի շրջանակներում, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Երևանում փառատոնի կազմակերպիչ Հրանտ Ավանեսյանը։
Նրա խոսքերով` այս տարի ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն Երևանի պետական համալսարանում, քանի որ Երևանում փառատոնի կազմակերպիչը ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնն է։
«Պատահական չէ, որ փառատոնը նվիրված է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան, որը նշվում է հոկտեմբերի 10-ին։ Փառատոնը նվիրված է համամարդկային հոգեբանական խնդիրներին անձնական և տարածաշրջանային հակամարտությունների համատեքստում»,- ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ փառատոնի նպատակն է բարձրացնել ողջ մարդկությունը հուզող հոգեբանական և սոցիալական խնդիրները։
Ավանեսյանն ավելացրեց նաև, որ փառատոնի շրջանակներում հայտարարվել է «Ես մարդ եմ» թեմայով պաստառների և էսսեների մրցույթ։
«Ես Մարդ եմ» խաղաղության և մարդու իրավունքների հարավկովկասյան կինոփառատոնը բացառիկ փառատոն է անիվների վրա։ Ողջ Հարավային Կովկասսում ցուցադրվում են ֆիլմեր հաշտեցման, մարդու իրավունքների և հակամարտությունների հանգուցալուծման մասին և մղում է հանդիսատեսին քննարկելու ֆիլմերում արծարծված բարդ թեմաները։
Ամենամյա փառատոնը ներառում է 10-12 որակյալ վավերագրական ֆիլմ։ Վերջին երկու տարիների ընթացքում փառատոնային թիմն անցել է 51 բնակավայր։ -0-