Հայաստանի պաշտպանության նախարարությունն աշխատելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առկա բացասական գործոնների չեզոքացման ուղղությամբ

09.10.2009, 13:25
Հայաստանի պաշտպանության նախարարությունն աշխատելու է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում առկա բացասական գործոնների չեզոքացման ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կսկսի աշխատանքների իրականացումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի հետ կապված բացասական գործոնների չեզոքացման ուղղությամբ, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարությունում  պաշտպանության ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ։

«Այդ գործընթացը պաշտպանության նախարարության առջև բացասական գործոնների ազդեցության չեզոքացման համապատասխան աշխատանքների իրականացման խնդիր է դնում»,- հայտարարեց նա։

Նախարարը նշեց, որ խորհրդակցությունն անցկացվում է բավականին կարևոր ժամանակահատվածում, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համարձակ քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ։

Նա հայտնեց նաև, որ նախագահի համահայկական ուղևորությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկվել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստում, և խորհրդի բոլոր անդամները հավանություն են տվել գործընթացին։

«Եվ, հավանաբար, այդ նախագիծն առաջիկայում կհաստատվի ղեկավարութայն կողմից, և մենք կսկսենք դիվանագիտական հարաբերությունների և սահմանի բացման գործընթացը»,- ավելացրեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը:Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար:--0—