ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Ցյուրիխ, Լոնդոն, Դուբլին, Բելֆաստ, Մոսկվա և Կազան

09.10.2009, 13:04
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Ցյուրիխ, Լոնդոն, Դուբլին, Բելֆաստ, Մոսկվա և Կազան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ուրբաթ սկսում է իր ուղևորությունը, որի ընթացքում կայցելի Ցյուրիխ, Լոնդոն, Դուբլին, Բելֆաստ, Մոսկվա և Կազան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Իր ուղևորությունն ԱՄՆ պետքարտուղարը կսկսի Ցյուրիխից, որտեղ հոկտեմբերի 10-ին ներկա կլինի պատմական իրադարձության՝ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» հայ-թուրքական միջկառավարական արձանագրությունների ստորագրմանը։

«Նա պատրաստվում է ցույց տալ մեր օժանդակությունն այն քայլին, որ մենք պատմական ենք համարում Թուրքիայի և Հայաստանի համար՝ երկրների միջև հարաբերությունների բարելավման ճանապարհին»,- ուղևորության նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում ասաց պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Նա նշեց, որ Քլինթոնն անմիջական մասնակցություն է ունեցել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործին և մտադիր է հետագայում էլ շարունակել։

Ցյուրիխից Քլինթոնը կմեկնի Լոնդոն, որտեղ կմասնակցի գլոբալ և անդրատլանտյան մի շարք հարցերի քննարկմանը։

Լոնդոնից հետո, պետքարտուղարի պաշտոնում առաջին անգամ, Քլինթոնը կայցելի Դուբլին և Բելֆաստ։

Մոսկվայում Քլինթոնը կհանդիպի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Մոսկովյան բանակցությունների քննարկման շրջանակը լայն է լինելու՝ Իրանից մինչև ժողովրդավարության և խոսքի ազատութայն խնդիրները։

Մոսկվայից ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Կազան։ -0-