Հայ խորհրդարանականներն առաջարկում են ալիմենտների նվազագույն չափն ավելացնել 10 անգամ

08.10.2009, 19:35
Հայ խորհրդարանականներն առաջարկում են ալիմենտների նվազագույն չափն ավելացնել 10 անգամ

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել են երկրի Ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ալիմենտների նվազագույն չափի զգալի մեծացում:

Ինչպես հայտնեց սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ներկայում ալիմենտների նվազագույն չափն ընդամենը 1000 դրամ է կազմում (շուրջ 2,5 դոլար):   

«Ուղղումներով առաջարկվում է ալիմենտների նվազագույն չափը հասցնել 10 հազար դրամի (շուրջ 25 դոլար)»,- հայտնեց Հակոբյանը:

Նրա խոսքով, ներկայում մեծ թվով անբարեխիղճ ծնողներ կան, ովքեր լրացուցիչ եկամուտներ ունեն, սակայն իրենց երեխաների ալիմենտները չեն վճարում: Ինչպես կարծում է խորհրդարանականը, ալիմենտների նվազագույն չափի ավելացումը թույլ կտա պաշտպանել երեխաների իրավունքներն ու նրանց սոցիալական վիճակը: -0-