ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում հայտնի են դարձել «ReAnimania» առաջին միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողների անունները։
Ինչպես լրագրողներին հայտնեց փառատոնի գլխավոր տնօրեն Վրեժ Քասունին «Լավագույն հայկական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Հայկ Սահակյանցի «Հետապնդում» ժապավենը։
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» է ճանաչվել բրիտանացի Նիկ Պարկի «Հացի ու մահվան խնդիր» ֆիլմը։ Լավագույն անիմացիոն հեռուստաֆիլմ անվանակարգում հաղթել է «Միլովան կրկես» բելգիական ֆիլմը, իսկ լավագույն ուսուցողական ֆիլմ՝ «Մոծակներ վարժեցնողը» լեհ-լիտվական համատեղ անիմացիոն ժապավենը»,- ասաց Քասունին։
Նրա խոսքերով՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող չի ընտրվել, քանի որ եղել են որոշ թերություններ։
««Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող չընտրելու հիմնական պատճառն, ամեն ինչից զատ, փառատոնին ներկայացված թեկնածուների ոչ բավարար քանակն էր»,- ընդգծեց փառատոնի գլխավոր տնօրենը։
Լիամետրաժ ֆիլմի մրցույթին մասնակցել է 3 ֆիլմ (իսպանացի ռեժսոր Պետրո Ռիվեյրոյի «Գիշատիչների ճգնաժամ» 2007թ., կանադացի ռեժիսոր Նիլ Բերնսի «Էդիսոկը և Լոեն» 2008 թ. և պորտուգալացի ռեժիսոր Անտոնիո Ս. Վալենտեի «Դեպի աշխարհի գագաթը» ֆիլմը)։
ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 3-ից 6-ը:
ReAnimania նախագծի նպատակը անիմացիոն արվեստի զարգացմանն օժանդակելն է, համաշխարհային կարգի նկարիչ-անիմատորների նոր սերնդի դաստիարակությունը և համաշխարհային ասպարեզում հայ անիմատորների աշխատանքների ցուցադրության նպատակով համաժողովի կազմակերպումը, ինչպես նաև հայ հանդիսատեսին իրենց երկրից լավագույն անիմացիոն ֆիլմերի նմուշները ներկայացնելը։
Փառատոնի անցկացմանն օժանդակել են Ֆրանսիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանատները:--0--