ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մոլդովա նախատեսված այցի ընթացքում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Միաժամանակ ինչպես «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ նախագահի աշխատակազմի աղբյուրը, «որևէ առաջընթաց այս հանդիպումից չի ակնկալվում, սա հերթական քայլ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-