ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլի Մոշիրիի հետ քննարկեց համագործակցության ընդլայնման հարցեր, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարևորեց 2009թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԺ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված Փոխըմբռնման հուշագիրը, որն ուրվագծեց կողմերի համագործակցության ոլորտները: Աբրահամյանը հայտնեց ՀՀ ԱԺ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնել ՄԱԿ-ի մասնագիտական այդ կառույցի հետ համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկեցին ՀՀ ԱԺ-ում երեխաների իրավունքների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը: Մոշիրին Աբրահամյանին ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, մասնավորապես, ուսումնասիրությունները երեխաների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաև նախադպրոցական կրթության, մանկական առողջության և սննդի հետ կապված հարցերը:
Հանդիպմանը մասնակցեց ԱԺ նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյանը:-0-